«Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների քննարկումը մնաց փակ դռների ետևում»․ Սկակով
«Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների քննարկումը մնաց փակ դռների ետևում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով այսօր Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
Հիշեցնենք, որ այսօր կայացավ աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի հրապարակային անդրադարձերը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և դրանցում առկա դրական միտումների մասին են։
Ավելին, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ի հեճուկս թե հայկական, թե ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա որոշ հոռետեսության, պետք է նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով։
Նրա խոսքով՝ գլխավոր նպատակն ու խնդիրն է՝ փորձել բացել հարաբերությունների ողջ ներուժը։ ՌԴ նախագահը ևս շեշտեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։ Սակայն մինչ հանդիպումը թե Յուրի Ուշակովը, թե Սերգեյ Լավրովը, և թե կրեմլամերձ ԶԼՄ-ները նշում էին, որ ՀՀ վարչապետին լուրջ և անկեղծ խոսակցություն է սպասվում Կրեմլում։
Ալեքսանդր Սկակովն ասաց, որ սա իսկապես կարևոր հանդիպում էր, քանի որ մի շարք խնդիրներ էին առաջացել վերջին շրջանում, որոնք անհրաժեշտ էր քննարկել և լուծել, և, ըստ էության, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները նման առիթ չէին ունեցել քննարկելու ՀՀ նոր իշխանությունների տեսլականը մի շարք հարցերում։
Ըստ նրա՝ խնդիրը Հայաստանի քաղաքականությունն է, քայլերը Ռուսաստանի հետ ինտեգրացիոն կառույցներում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, Խաչատուրովի հարցը և այն խնդիրները, որոնք Հայաստանն է տեսնում, քանի որ ՀՀ վարչապետը խոսում է փոխադարձ հարգանքի, երկրի ներքին գործերին չմիջամտելու և նման հարցերի մասին։
Մոսկվայի համար, Սկակովի համոզմամբ, ամենակարևորն այն է, որպեսզի հասկանալի ու կանխատեսելի լինի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, քանի որ դրանք ժամանակ առ ժամանակ առնչվում են նաև ռուսական ընկերություններին և ՌԴ-ի հետ հարաբերություններին։
«Խնդիրներ կան, դրանք հստակորեն երևացին ՌԴ պաշտոնյաների հայտարարություններում։ Եթե ՌԴ ԱԳ նախարարը նշում է խնդրի մասին, ակնարկում է ՀԱՊԿ-ի հեղինակության մասին, ապա հասկանալի է, որ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին է, ինչը միայն ՀՀ ներքաղաքական հարցը չէ, դա առնչվում է նաև ՀԱՊԿ-ին։ Իսկ ներքին հարցերին Ռուսաստանը չի միջամտում, այդ մասին բազմիցս շեշտել է։
Կարծում եմ՝ խնդիրների լուծմանն այլընտրանք չկա, քանի որ այս հարաբերությունները մեծ ճանապարհ են անցել, Հայաստանին ու Ռուսաստանին կապում է տարածաշրջանը, այս տարածաշրջանում անվտանգությունը, կայունությունը, որն անմիջականորեն վերաբերում է ՀՀ անվտանգությանը, ԼՂ հակամարտությանը։ Ինչպես սովորաբար նշում եմ, ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ուրվագծում են այն սպառնալիքները, որոնք կան այս տարածաշրջանում, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության գոտում։
Եթե խնդիրների մասին այդ քննարկումները մնացին փակ դռների ետևում, ինչպես սովորաբար պատահում է գործընկերային հարաբերությունների պարագայում, նշանակում է, որ ընթացել են աշխատանքային քննարկումներ, կողմերը սլաքներն են համաձայնեցրել բոլոր հարցերում»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Սկակովը։
Դիտարկմանը, թե կա տեղեկություն, որ հանդիպումը նախաձեռնել է հայկական կողմը, ինչո՞ւ, Սկակովն արձագանքեց՝ ասելով, որ, եթե դա այդպես է, ապա հայկական կողմն ամենայն հավանականությամբ ամենաբարձր մակարդակով փորձեց հասկանալ այն մտահոգությունները, որոնք առկա են Մոսկվայում ՀՀ քաղաքականության հետ կապված, որ քայլերն են դարձել Լավրովի հայտարարությունների պատճառը՝ անհրաժեշտության դեպքում բացատրելով ստեղծված իրավիճակի պատճառները։ Նրա խոսքով, թե ինչ արդյունավետության հանդիպում է տեղի ունեցել այսօր, տեսանելի կլինի շատ մոտ ապագայում։