«Մտածում եմ՝ իրենք շահագրգռվածություն են ունեցել՝ Փաշինյանի արարքը թեթևացնել». Շանթ Հարությունյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին

«Ես պահանջում եմ՝ թող լյուստրացիա լինի Հայաստանում։ Մարտի 1-ին ես ընդամենը ելույթ եմ ունեցել երեկոյան՝ կրակոցներից հետո։ Ես միշտ քարոզել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական ասպարեզ՝ նրա գիտելիքները ու շատ այլ բաներ համարելով անհրաժեշտ։ Բայց երբ ինքը վերադարձավ, նրա ռուսամետ քաղաքականությունն ինձ համար անընդունելի էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Շանթ Հարությունյանը՝ բացահայտելով, թե ինչ մասնակցություն է ունեցել 2008թ. մարտի 1-ի դեպքերին։

«Երբ մարտի 1-ին գնացի, ակամա հայտնվեցի միկրոֆոնի մոտ, ակամա, որովհետև կրակոցների ձայնից շատերը թողեցին-փախան։ Ես էի խոսում, Նիկոլն անգամ իրեն կորցրեց, բայց հանուն արդարության ասեմ, որ Նիկոլն իրեն լավ պահեց։ Խուճապ պետք է լիներ, ես միկրոֆոնը վերցրել եմ, փորձել եմ խուճապը կանխել։ Նիկոլը վերագտավ իրեն, սկսեց խոսել։ Իրենք բոլորն ասել էին՝ մինչև վերջ մնում ենք, Նիկոլը նախավերջին գնացողներից էր։ Մինչև վերջ մնացի ես։ Ես համոզված էի, որ Քոչարյանն ինձ չի բռնի, որովհետև դուխավիկ է, ինձ էլ ասել էին՝ ինքը դուխավիկ տղերքին հարգում է։ Սերժը լպրծուն կերպար է, ասում էի՝ Սերժն է ինձ բռնելու։ Ինձ ասում էին՝ մինչև ապրիլի 9-ը փախած մնա, ես էլ ասում էի՝ ես մինչև ապրիլի 9-ը կարող եմ հանգիստ ֆռֆռալ, քանի Քոչարյանն է, որ Սերժը լինի՝ բռնելու է։ Ապրիլի 10-ին Սերժն ինձ բռնել տվեց»,- ասաց նա։

Հարությունյանը պատմեց, որ Փաշինյանի ելույթը վերագրել են իրեն, ինչի հետևանքով մեկ տարի բանտում է անցկացրել, մեկ տարի՝ հոգեբուժարանում. «Հետաքրքիրն այն է, որ ինձ տարել էին ԿԳԲ ու ասում էին, քանի որ հետախուզման մեջ եմ եղել, առանց ինձ մտել են դատարան ու կալանավորման սանկցիա են վերցրել։ Ասի՝ ինձ հետաքրքիր էլ չէ՝ օրենքո՞վ են վերցրել, թե՞ ապօրինի։ Հետագայում մեկ էլ տեսնեմ՝ մեղադրանք է գրված՝ մի հատված կար ելույթից, որը հանցավոր չէր, բայց կարող էր կոնֆլիկտ ստեղծել, այդ մասն էր գրված իմ ելույթում։

Նիկոլ Փաշինյանի ելույթի մի հատվածը, որ կարող էին ասել, որ նախնական կազմակերպման կոչեր կան, վերագրել էին ինձ։ Երբ գործը փակում էին, ասում էին՝ ստորագրի էս թուղթը, հետո ասացի՝ ելույթ կա, որ ես չեմ գրել, ասացին՝ դե ասա, ով ա գրել, ես էլ չասացի։

Կարդացեք նաև

Հիմա ես չեմ ասում՝ Նիկոլ Փաշինյանը կապված է ԿԳԲ-ի հետ, բայց երբ իրենք ինձ ու Նիկոլ Փաշինյանին համարում էին թշնամի, երկուսիս գլխին կարող էին շառ անելով՝ դատել։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը, որ իրենց դիտում է ոխերիմ թշնամի, ինչպես ես, մտածում եմ, որ իրենք շահագրգռվածություն են ունեցել Փաշինյանի արարքը թեթևացնել»:

Տեսանյութեր

Լրահոս