«Ովքեր ասում են՝ ներում խնդրի, դուրս արի, իրենք նույն մարդիկ են, ինչ Սերժի թիմը, ուղղակի ռեսուրս չունեն, որ լկտիություն անեն». Շանթ Հարությունյան
«Լուրեր են տարածում, թե իբր ինձ ազատել են, ես չեմ ազատվում բանտից. կամ տգետ են, կամ սրիկա, որովհետև, եթե ինձ բանտից ազատեին, այս մարդիկ ինձ մեկ րոպե ավելի չէին կարող պահել»,- «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը։
Նա ասաց, որ դա սուտ է, խաբեություն. «Կարող եք անգամ արդարադատության նախարարին հարցնել՝ կարո՞ղ է լինել նման բան, որ կալանավորին ազատեն, ու նա բանտից դուրս չգա։ Բաց ռեժիմն ազատություն չէ, և երբ մենք պահանջում ենք արդարացում, նկատի ունենք՝ արդարադատություն։ Արդարադատություն եմ պահանջում, որովհետև ցանկացած մարդ իրավունք ունի համարել, որ ինքն անմեղ է, արդարադատությունն է որոշում նրա մեղավորությունը։ Իմ արդարացումը պետության օրենքներով է իրականանալու։ Այս շերտը, որը Նիկոլին է պաշտպանում ու ասում է՝ ոչ մի արդարադատություն, ուղղակի ներում խնդրի, դուրս արի, իրենք նույն մարդիկ են, ինչ Սերժի թիմը, ուղղակի ռեսուրս չունեն, որ լկտիություն անեն։ Նրանք քյասիբ են, պաշտոն չունեն ու Ֆեյսբուքում են իրենց ստորությունն անում»։
Հարությունյանն ասաց, որ իր տիպի մարդու համար բաց ռեժիմն անընդունելի է. «Իմ ընկերներին մնում էր 5.5 ամիս, երբ ինձ դա առաջարկում էին, ինձ 1.5 տարի պատիժ կար։ Այսինքն՝ եթե ես մայիսի 18-ին դուրս գայի, 6 ամիս օրենքով հասնող արձակուրդը տային, լինում էր նոյեմբերի 18-ը, ես 40 օր այդ ձմեռվա կեսին պետք է գայի այստեղ։ Հետո 6 ամիս տային արձակուրդ՝ մինչև հունվար, հետո նորից գայի՝ ապրեի այստեղ։ Այսինքն՝ այնպես չէ, որ դա ազատություն էր։ Ես խառնվածքով ռեժիմային մարդ երբեք չեմ եղել։ Հո, կոլխոզ չէ՞, որ բոլորս գնանք՝ բաց ռեժիմով ապրենք»։