Միքայել Հարությունյանին ՀՀ անձնագիր շնորհել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Վազգեն Սարգսյանի խնդրանքով, բայց…

ՀՀ ոստիկանությունն այսօր Ռուսաստանի Դաշնությունից գրություն է ստացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին: Հայաստանյան փորձագիտական և քաղաքական շրջանակներում Ռուսաստանի կողմից այդ քայլը որոշները որակում են որպես «ապտակ» թավշյա իշխանություններին։ Ռուսական մամուլում նաև տեղեկություն է շրջանառվում, որ 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններում մեղադրվող Միքայել Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուսումնասիրվել է և որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում նրա հետախուզումը չեղարկել։ Ռուսաստանն այդպիսով պաշտպանում է իր քաղաքացուն։

Միքայել Հարությունյանի կինը՝ Սվետլանա Հարությունյանը, դեռևս հուլիսին հայտարարել էր, որ իր ամուսինը դեռևս մարտի 29-ից Մոսկվայում է՝ բուժում ստանալու նպատակով:

«…92 թվականին այդ մարդը եկել է՝ թողնելով գենշտաբի ակադեմիան (նկատի ունի Խորհրդային միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան,-հեղ.), թեկնածուականը: Ամենադժվար պահին եկել է ու ստեղծել բանակ: Դուք կարող եք ենթադրություններ անել, բայց ես շատ ցավում եմ նրա համար: Ոչ ոք չի կարող հասկանալ, դա շատ բարդ է»,- aravot.am-ի հետ զրույցում ասել էր Մ. Հարությունյանի կինը՝ ավելացնելով, որ ամուսինը երկիրը չի լքել այն ժամանակ, երբ հետախուզում է հայտարարված եղել, այլ դրանից ամիսներ առաջ՝ մարտին.

«Նա վատ էր զգում, առողջությունը լավ չէր: Այդ վիճակում պաշտոնաթող եղավ: Առողջական խնդիրներ ունի, ճնշումն էր բարձրացել: Հրաժարականի դիմում գրեց և մեկնեց: Գնաց հիվանդանոց: Նա պառկած էր Վիշնևսկու անվան հոսպիտալում, որտեղ իրեն վիրահատեցին: Իսկ այսօ՞ր: Նա հո չի՞ փախել»:

Այսօր Ռուսաստանից ստացված այդ գրությունից հետո, որով ՀՀ ոստիկանությանը տեղեկացում էր, որ ՌԴ-ն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը, զուգահեռ տեղեկություններ տարածվեցին Մ. Հարությունյանի քաղաքացիության մասին։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը նշել է, որ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է միայն անձի համաձայնությամբ։

ՀՀ ընտրողների ռեգիստրի սուղ տվյալների համաձայն՝ Հարությունյանն ունի ՀՀ քաղաքացիություն։

Մ. Հարությունյանի մերձավորներից մեկը, սակայն, 168.am-ին որոշ մանրամասներ ներկայացրեց նրա քաղաքացիության մասին։ Ըստ այդմ՝ «1992թ. ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով՝ ՌԴ քաղաքացի, Գլխավոր շտաբի ակադեմիայի սպա Միքայել Հարությունյանը գործուղվել է Հայաստան՝ Հանրապետության զինված ուժերի ստեղծմանը օգնելու համար։ 2002թ. նա ՌԴ նոր անձնագիր է ստացել, և այդ պատճառով որոշները համարել են, թե նա քաղաքացիություն է ստացել 2002թ., սակայն ՌԴ քաղաքացի նա միշտ է եղել։ Հայաստանի Հանրապետության անձնագիր Միքայել Հարությունյանին շնորհել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Վազգեն Սարգսյանի խնդրանքով։ Ի դեպ, Ռուսաստանի քաղաքացիներ են եղել նաև գեներալ Իվանյանը, Զինևիչը, Տեր-Գրիգորյանցը, Դալիբալթայանը և շատ ուրիշներ՝ ունենալով հայկական անձնագրեր»։

Տեսանյութեր

Լրահոս