Բաժիններ՝

Իրանը Հնդկաստանին կփոխանցի Չաբահար նավահանգստի նկատմամբ մասնակի հսկողությունը

Իրանը մեկ ամսվա ընթացքում Հնդկաստանին 1,5 տարով կփոխանցի Չաբահար նավահանգստի մի մասի կառավարման իրավունքը, որը գտնվում է Սիստան եւ Բելուջիստան հարավային նահանգում: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքային զարգացման գործերի նախարար Աբաս Ակունդին:

«Մենք արդեն պատրաստ ենք ավելի վաղ ձեռք բերված երկկողմ համաձայնության շրջանակներում մեկուկես տարով հնդկական ընկերությանը փոխանցել Չաբահարի կառավարման իրավունքը»,-լրագրողներին ասել է Ակունդին, որն այցով գտնվում է Նյու Դելիում: Նրա խոսքով՝ հնդկական կողմն արդեն մեծ միջոցներ է ներդրել նավահանգստի զարգացման գործում, եւ կողմերը ջանքեր են գործադրում, որպեսզի այն հնարավորինս շուտ սկսի գործել: «Նավահանգստի փոխանցումը պետք է կայանա մեկ ամսվա ընթացքում: Մենք մեզնից կախված ամեն բան արել ենք»,-արձանագրել է իրանցի նախարարը: Չաբահար նավահանգստի կառուցումը Իրանի եւ Հնդկաստանի երկկողմ տնտեսական համագործակցության խոշորագույն նախագծերից մեկն է:

Ենթադրվում է, որ դրա իրականացումը թույլ կտա նոր, ավելի արդյունավետ ճանապարհ բացել Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների համար: Պլանավորվում է, որ ապագա տրանսպորտային միջանցքը թույլ կտա հնդկական ապրանքները հասցնել Աֆղանստան, շրջանցելով Պակիստանը, որի հետ Հնդկաստանը լարված հարաբերություններ ունի:

Իր հերթին Աֆղանստանը Հնդկաստանի համար իր բեռների մի մասը կուղարկի Իրանի տարածքով՝ չօգտագործելով Պակիստանի Կարաչի նավահանգիստը: Հնդկաստանի իշխանություններն ակնկալում են, որ Չաբահարը կշահագործվի 2019 թվականից ոչ ուշ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս