«Եվրապարտատոմսերի վերաֆինանսավորման համար քննարկվում է ներքին շուկայից դրամական միջոցներով պարտքի ներգրավման հարցը». նախարար
«2020 թվին ունենք առաջին եվրապարտատոմսերի մարման համար, ավելի ճիշտ՝ վերաֆինանսավորման համար խնդիր լուծելու, և դրա տարբերակներն ենք քննարկում»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով այս տարվա բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի ցուցանիշները։
Ըստ նրա՝ դիտարկում են մի քանի տարբերակներ, որոնցից մեկը չի բացառվում, որ ներքին շուկայից դրամական միջոցներով պարտքի ներգրավումը լինի. «Դա հնարավորություն կտա փոխել նաև կառուցվածքը՝ արտարժույթի փոխարեն՝ ներգրավել դրամով պարտք, իհարկե, չբացառելով, որ այդ արտարժույթով պարտքն էլ կարող է կարիք ունենանք պահելու 2020 թ.-ին։ Ամեն ինչ կախված կլինի տնտեսական զարգացումներից»։
Նրա հավաստմամբ՝ ներքին շուկայում պոտենցիալն առկա է և ռիսկեր չկան։