
«Սա թուրքական դիվանագիտության հատուկ մոտեցում է». Ռուբեն Սաֆրաստյան

Թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են, և այդ սրացումը սիրիական տարածաշրջանում կարող է փոխվել բախման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ երկու կողմերն ինչ-որ ընդհանուր շահ են գտել Իդլիբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Կան տեղեկություններ նաև այն մասին, որ ձեռք է բերվել որոշակի համաձայնություն. այն է` թուրքերը թույլ են տվել, որ ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում մտնեն Իդլիբի՝ թուրքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ և իրականացնեն որոշակի գործողություններ»,- ասաց Սաֆրաստյանը:
Նրա կարծիքով՝ այդ զարգացումները բավականին հատկանշական են, քանի որ գործ ունենք թուրքերի ավանդական քաղաքականության հետ: «Նույնիսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրացումը և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիային չեն խանգարում իր շահերի ընկալմամբ գնալ այնպիսի համաձայնագրի, որն ընդհանուր միտումների մեջ չի մտնում: Սա թուրքական դիվանագիտության հատուկ մոտեցում է»,-նշեց նա:
Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ` վերոնշյալ զարգացումները խոսում են այն մասին, որ Սիրիայի Իդլիբ նահանգի հետագա զարգացումները կպայմանավորվեն տարբեր խաղացողների շահերի բախմամբ:
«Ետպատերազմյան Սիրիայում նոր վիճակում գտնվող ամեն մի երկիր կփորձի իր համար լավ դիրք ապահովել, այդ թվում՝ նաև Թուրքիան: Նա Ռուսաստանի հետ ձեռք բերած տակտիկական համաձայնությունը կօգտագործի իր շահերի համար: Իսկ Թուրքիայի շահերից բխում է հսկողության տակ պահել Սիրիայի հյուսիսային տարածքները, թույլ չտալ ակտիվանալ քրդերին և հնարավորինս թույլ վիճակում պահել ետպատերազմյան Սիրիան»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: