Բաժիններ՝

«Հիանալի կլիներ, եթե մինչև ընթացիկ տարվա վերջը հայտարարություն արվեր Կորեական պատերազմի ավարտվելու մասին». Մուն Չժե Ին

Կորեայի Հանրապետությունը ձգտում է ԿԺԴՀ-ի հետ հաշտության պայմանագիրն ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հարցազրույցում, որը սեպտեմբերի 7-ին հրապարակվել է Kompas ինդոնեզական թերթում:

«Հիանալի կլիներ, եթե մինչեւ ընթացիկ տարվա վերջը հայտարարություն արվեր Կորեական պատերազմի ավարտվելու մասին: Այն վերջ կդներ թշնամանքին Կորեական թերակղզում, գործնական քայլ կդառնար Սեուլի եւ Փենյանի միջեւ վստահության հաստատման ճանապարհին»,-նշել է Մուն Չժե Ինը: Պաշտոնապես երկու կորեական պետությունները մինչ այժմ գտնվում են պատերազմի վիճակում, քանի որ 1950-1953 թվականների հակամարտությունն ավարտվել է ժամանակավոր զինադադարի ստորագրմամբ:

Նախագահն ընդգծել է, որ երկու պետությունների ղեկավարներն ավելի վաղ պայմանավորվել են հասնել Կորեական թերակղզու միջուկազերծ կարգավիճակի եւ կայուն խաղաղություն հաստատել:

«Հարցը միայն այդ պայմանավորվածությունների դրույթների անկեղծ կատարումն է, եւ մենք պլանավորում ենք մինչեւ 2018 թվականի վերջը զգալի առաջընթացի հասնել այդ գործընթացում, որպեսզի այն արդեն հնարավոր չլինի հետ շրջել»,-թերթը մեջբերել է Մուն Չժե Ինի խոսքը: Նախագահը խոստացել է, որ Սեուլը «անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի ոչ միայն Փհենյանի հետ հարաբերությունների զարգացման, այլեւ հյուսիսի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ ապամիջուկայնացման գործընթացի արագացման համար»:

Սեպտեմբերի 6-ին Սեուլը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ղեկավարների հերթական (երրորդ) գագաթնաժողովն անցկացնել Փհենյանում սեպտեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս