Վալերի Օսիպյանը խնդրում է համբերությամբ սպասել Նարեկ Սարգսյանին հայտնաբերմանը
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խնդրում է համբերությամբ սպասել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Նարեկ Սարգսյանի միջազգային հետախուզման արդյունքներին։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օսիպյանը հավաստեց, որ արդյունքները դրական կլինեն։
«Խնդրում եմ ձեզ՝ համբերատար սպասեք, դա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, և ժամանակատար աշխատանք է: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի և անդամ պետությունների հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց Վ.Օսիպյանը:
Հիշեցնենք, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լյովա Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:
Որպես մեղադրյալ ներգրավված են նաև Լյովա Սարգսյանն ու նրա դուստրը` Անի Սարգսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: