
Հայտնի է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում հավակնորդ ծառայողների ցուցակը հաստատելու վերջնաժամկետը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով սահմանվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը հաստատելու, սերվերի տվյալների բանկ մուտք գործելու, բանալի ստանալու և բնակարանների ընտրության վերջնաժամկետը, այն է՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1734-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը:
Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն: