
Պուտինը, Էրդողանը և Ռոուհանին համատեղ հայտարարություն կընդունեն Թեհրանի բանակցություններից հետո

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք բանակցությունների արդյունքներով պլանավորում են ընդունել համատեղ հայտարարություն: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Քննարկվելու են Սիրիայի ընթացիկ իրադրության հարցերը, նաեւ այդ երկրում իրադրության երկարաժամկետ կարգավորման միջոցառումները, բնականաբար, կքննարկվեն նաեւ կոնկրետ միջոցներ ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, հումանիտար իրադրության բարելավումը, միջսիրիական երկխոսության առաջմղումը ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա»,- ասել է Ուշակովը բրիֆինգում:
«Սկզբում կլինի եռակողմ հանդիպում, այնուհետեւ կկայանա փակ բանավեճ, բանավեճի արդյունքներով կընդունվի համատեղ հայտարարություն: Նաեւ երկրների ղեկավարները կայացած քննարկման գնահատականներով հանդես կգան ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջեւ»,- հավելել է նա: