
Նիդերլանդներից արտաքսվող հայ երեխաները կստանան ՀՀ միգրացիոն ծառայության աջակցությունը ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղյակ է առաջիկայում Նիդերլանդների կողմից հայազգի երկու երեխաների՝ 13-ամյա Հովիկին և 12-ամյա Լիլիին արտաքսելու մասին: Երեխաների մայրը՝ Արմինե Համբարձումյանն ավելի վաղ Նիդերլանդների միգրացիոն ծառայության որոշմամբ արտաքսվել է Հայաստան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ միգրացիոն պետական ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացվել է, որ երեխաներն առաջիկայում արտաքսվելու են Հայաստան:
Նա ընդգծեց, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով աջակցություն կցուցաբերի երեխաներին, եթե նրանց մայրը չստանձնի խնամակալությունը: Նելլի Դավթյանն ընդգծեց, որ իրենք այդ երեխաների մոր հետ բացարձակ ոչ մի կապ չունեն, նույնիսկ տեղյակ չեն՝ նա գնալու է օդանավական երեխաներին դիմավորելու, թե ոչ: «Եթե նրանց մայրը չստանձնի երեխաների խնամակալությունը, մենք ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով երեխաներին շահառու կդարձնենք՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Շատ կազմակերպություններ կան, որոնց ծրագրերով մենք երեխաներին կաջակցենք, բայց եթե մայրը ստանձնի խնամակալությունը, մենք անելիք չունենք: Եթե իրենք դիմեն ինչ-որ ինտեգրման ծրագրի համար, խնդիր չկա, մենք կաջակցենք, եթե նույնիսկ իրենք չդիմեն, իսկ մայրը չի լինի, մենք ինքներս նախաձեռնող կլինենք, իսկ եթե մայրը խնամակալությունը ստանձնեց, մենք միջամտելու իրավունք չունենք»,- պարզաբանեց Դավթյանը: