«Մենք մեզ համարում ենք կառուցողական ընդդիմություն». Գագիկ Մելիքյան
«ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանը տարբերվում էր իր ակտիվությամբ, որովհետև անցումը խորհրդարանական ձևաչափին բավականին բուռն էր ու հագեցած թե՛ օրենսդրական նախաձեռնությունների, թե՛ քաղաքական ուժերի կողմից ցուցադրված ակտիվության առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Նա նշեց, որ բավականին լուրջ օրենսդրական նախաձեռնություններ են քննարկվել երրորդ նստաշրջանի ընթացքում. «Քննարկումների մեծ մասն իրականացվել է հենց հանձնաժողովների նիստերի ժամանակ, իսկ լիագումար նիստերի ժամանակ սահմանափակումներ էին դրվում։ ԱԺ լիագումար նիստերից ակտիվությունը տեղափոխվել է հանձնաժողովներ։ Նստաշրջանն առանձնահատուկ էր նաև այն առումով, որ խորհրդարանական ձևաչափն ապրիլի 9-ին իրողություն դարձավ, և պատմության մեջ խորհրդարանն առաջին անգամ ընտրեց հանրապետության նախագահ, նաև՝ բարձրագույն դատական խորհրդի կազմի 5 անդամ, ՍԴ նախագահ։ Առաջիկայում նույնպես ունենք նմանատիպ ընտրություններ 4-րդ նստաշրջանի հենց առաջին նիստի ընթացքում»։
Մելիքյանի խոսքով՝ յուրահատուկ էին վարչապետի ընտրությունները. «Իշխանափոխությունն այդ ընթացքում բերեց այն հանգամանքներին, որ լարվածությունը քաղաքական դաշտում որոշակի չափով աճեց և դրա հետևանքով քաղաքական կայուն մեծամասնությունը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում դարձավ փոքրամասնություն, ընդդիմություն։ Չնայած՝ սա աշխարհի խորհրդարանական պատմության մեջ առաջին դեպքը չէ, այստեղ առանձնահատուկ երևույթ չեմ տեսնում»։
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ իրենց կուսակցությունն իր կառուցողական դիրքորոշումն անպայման արտահայտելու է և բացարձակապես չի խոչընդոտելու տվյալ պահի իշխանությունների աշխատանքներին. «Մենք մեզ համարում ենք կառուցողական ընդդիմություն, և բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կբխեն պետության և ժողովրդի շահերից, դրանց կողմ կքվեարկենք։ Բոլոր այն նախաձեռնություններում, որտեղ կտեսնենք թերություններ, կանենք մեր համապատասխան առաջարկությունները»։