
«Եթե հրթիռներն սկսեն ընկնել այդ տարածքում, լուրջ արյունահեղություն կլինի». Էրդողան

Իդլիբում կառավարական ուժերի գործողությունը կարող է հանգեցնել հումանիտար աղետի եւ հարեւան Թուրքիա փախստականների նոր ալիքի: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 4-ին հայտնել է Sabah թերթը, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այնտեղ (Իդլիբում) մոտավորապես 3,5 մլն մարդ է գտնվում, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը: Բայց եթե հրթիռներն սկսեն ընկնել այդ տարածքում, լուրջ արյունահեղություն կլինի, Թուրքիա կհորդի փախստականների նոր հոսքը»,- ասել է նա:
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ «Ռուսաստանի եւ Իրանի հետ Թուրքայի համագործակցությունը թույլ տվեց Իդլիբում խուսափել աղետից», եւ «Ռուսաստանի հետ փոխգործակցությունն այժմ շատ կարեւոր է»:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը դրական արդյունքներ է ակնկալում սեպտեմբերի 7-ին Թեհրանում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովից: «Հուսով ենք, որ Թեհրանի գագաթնաժողովը կբերի Ասադի ռեժիմի ուժերի ագրեսիայի արգելափակմանը»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: