
Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղամարդուն, որը տեղում մահացել է. հայտնի է մահացածի ինքնությունը

Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց հայտնել են, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում մարդ կա ընկած:
Պարզվել է, որ Կալինինի փողոցի վերջնամասում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա Սուրեն Խաչատրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների եւ Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների համատեղ օպերերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սուրեն Խաչատրյանին վրաերթի ենթարկել եւ անզգուշությամբ մահ է պատճառել 44-ամյա Արամ Մ.-ն՝ իր «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով, ինչից հետո լքելով դեպքի վայրը, դիմել է փախուստի:
Բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Սեւքար գյուղում։ Արամ Մ.-ն, նշված ավտոմեքենայով, սեպտեմբերի 5-ին, ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին եւ ներկայացվել Դիլիջանի քննչական բաժին:
Կատարվում է քննություն։