Բաժիններ՝

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ազդեցություն կունենան ՀՀ տնտեսության վրա. Արծվիկ Մինասյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախսարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա, ասաց, որ այդ մասով դեռևս վերլուծություններ չկան.

«Բնականաբար, ազդեցություններ կարող են լինել: Դրանք պետք է հավասարակշռված ներկայացվեն, այսինքն՝ ազդեցություն թե՛ բացասական, թե՛ որոշակի հնարավորությունների ընձեռնման տեսակետից: Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, կներկայացնենք:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել ԱՄՆ ներդրողներին, ինչո՞վ կարող է գրավիչ լինել նրանց համար: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները ներկայումս գտնվում են մի նոր որակական մակարդակի վրա.

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ներդրումների փոխադարձ համաձայնագիր ունենանք ԱՄՆ-ի հետ, ինչը հնարավորություն կտա թե՛ ամերկյան կազմակերպությունների ներդրումներն ավելի խթանելու, թե՛ առևտրաշրջանառության մասով նոր մեխանիզմների գործադրման առումով: Այն, որ մենք ունենք բավական դրական և լավ պատմություններ ամերկյան ներդրումների մասին մեր երկրում, հույս է տալիս, որ մենք կարող ենք ակնկալել մեր տնտեսության առնվազն 80 % ճյուղային ոլորտներում ներդրումներ: Դրանք վերաբերում են թե՛ բարձր տեխնոլոգիաներին, թե՛ թեթև արդյունաբերությանը, թե՛ ծառայությունների ոլորտին»:

Կարդացեք նաև

Նախարարն ակնկալում է, որ GSP  համակարգն ու դրան զուգակցված նոր հնարավորությունների բացումն ամերիկյան կողմի հետ ավելի կմեծանա այս տարի:

«Ես հայտարարել եմ, որ առաջարկվում են շուրջ մեկ միլիարդ դոլարը գերազանցող ներդրումային ծրագրեր, որոնցից իրատեսական է 240 հազար դոլարի ներդրումներ ունենալ առաջիկա ժամանակահատվածում: Դրանց մի մասն արդեն իրականացվել է և վերաբերում է բարձր տոխնոլոգիաներին, լոգիստիկ հնարավորություններին, բարձր արտադրողականության գյուղատնտեսական վերամշակման ոլորտին և բարձրակարգ հյուրանոցային ծառայությունների ստեղծմանը: Ունենք առաջարկներ, որոնք վերաբերում են առողջապահական համակարգին, կրթական ոլորտին և այլն»,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ կրկնակի հարկման վերացման վերաբերյալ բանակցություններն ամերիկյան կողմի հետ ընթացքի մեջ են.

«Այստեղ երկու-երեք նուրբ հարց կա, որոնք բանակցությունների փուլում են, և չէի ուզենա այս պահին բարձրաձայնել: Հարցն այն է, որ հայ-ամերիկյան համաձայնագրի շրջանակում դեռևս ամբողջ պոտենցիալը չենք իրականացրել, բայց նաև կարևոր է, որպեսզի իրականացնենք առավել մեծ թափով աշխատանքներ:

Եվ առհասարակ, երկկողմ ներդրումների պաշտպանության և հարկերից ազատելու մասին համաձայնագրերի շատ ավելի լայն աշխարհարգրություն ենք պատկերացնում, ինչը թույլ կտա մեծացնել մեր հնարավորությունները: Եթե ոչ այս տարի, ապա մինչև հաջորդ տարվա կեսերը կունենանք նաև առևտրային ներկայացուցչություն ԱՄՆ-ում, ինչը հնարավորություն կտա շատ ավելի մոտիկից ու անմիջականորեն աշխատելու ամերիկյան թե՛ ներդրողների, թե՛ բիզնես հանրության հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս