Ճապոնիայում դպրոցականները թայֆունի պատճառով արգելափակված են մնացել պանսիոնատի տարածքում
Ճապոնիայում տարրական դասարանների 160 աշակերտներ եւ նրանց ուսուցիչները «Ջեբի» թայֆունի պատճառով արգելափակված են մնացել Կիոտո քաղաքի մերձակա անտառում գտնվող պանսիոնատի տարածքում:
Այդ մասին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը: Նշվում է, որ պանսիոնատ տանող ճանապարհները փակվել են տապալված ծառերով: Հեռուստաալիքի տվյալներով՝ պանսիոնատում գտնվող երեխաներից երկուսի վիճակը վատացել է, ուստի ճապոնացի փրկարարներն շտապ կարգով նրանց տարհանել են ուղղաթիռներով: Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 11 մարդ է մահացել եւ ավելի քան 600-ը՝ տուժել Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆոնից:
Տարերքն առավել մեծ վնասներ է հասցրել Օսակայի, Կիոտոյի եւ Հյոգոյի պրեֆեկտուրաներում, որտեղ տեղի են ունեցել համատարած հեղեղումներ, եւ էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով առանց լույսի են մնացել մեկ միլիոնից ավելի բնակիչներ:
Վերջին օրերին եղանակային պայմանների պատճառով ընդհանուր առմամբ չեղարկվել են հազարից ավելի ներքին ու միջազգային ավիաչվերթներ, ավիահաղորդակցության ընդհատումներից տուժել են տասնյակ հազարավոր մարդիկ: «Ջեբի» թայֆունն առավել հզորն է դարձել Ճապոնիայում վերջին 25 տարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: