«Ես չեմ որոշում, թե Ստեփանակերտի միջոցառմանն ով մասնակցի, ով՝ ոչ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Արցախի անկախության տոնի միջոցառումներին Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր մակարդակով մասնակցություն է ունեցել, իսկ մնացած մեկնաբանություններն անտեղի են:
ՀՀ ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու ներկա չի եղել Արցախի անկախության տոնի միջոցառումներին, Փաշինյանն ընդգծեց, որ ինքը դրանից մեկ շաբաթ առաջ է եղել Ստեփանակերտում:
«Արցախի նախագահը իր խոսքում ասաց, որ աննախադեպ իրավիճակ է, որ Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարը 3 ամսվա ընթացքում երեք անգամ լինում է Ստեփանակերտում: Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ բարձր մակարդակով ներկայացված էր: Ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, անվտանգության խորհրդի քարտուղարը: Կարծում եմ, այլ մեկնաբանությունները պարզապես տեղին չեն»,- ասաց նա:
Հարցին, թե տարօրինակ չէ՞ր Հովիկ Աբրահամյանի ներկայությունն Արցախի անկախության տոնի միջոցառումներին, վարչապետը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանի ներկայության մասին հարցը պետք է ուղղեք Արցախի իշխանություններին: Ես չեմ որոշում, թե Ստեփանակերտի միջոցառմանն ով մասնակցի, ով՝ ոչ: