Ոստիկանությունը՝ Վաղարշապատում հնչած կրակոցների դեպքի մասին
Օգոստոսի 31-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ Վաղարշապատի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի դիմաց, անհայտ անձինք վիճել են, որի ընթացքում դեռևս չպարզված զենքից կրակոցներ է արձակվել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և ռետինե մահակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեակա օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության մասնակիցներից մեկը եղել է երևանցի, 43-ամյա Ռոլանդ Ա.-ն, որը տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: