Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, բարերարներ, տնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:
Իր ելույթում Նախագահը նշել է, որ այսօր Արցախը Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին վստահ քայլերով ընթանում է ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով՝ ընդգծելով, որ այս բոլոր տարիների ընթացքում առաջին հերթին հուսալիորեն ապահովվել է պետության եւ ժողովրդի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, լուծվել են շատ ու շատ խնդիրներ պետական մարմինների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:
Խոսելով անելիքների մասին՝ Բակո Սահակյանը նշել է, որ ժամանակը ներկայացնում է նոր պահանջներ եւ կարեւորագույն խնդիրներ՝ վստահություն հայտնելով, որ պետության կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք արդյունավետորեն լուծելու ուղղությամբ: «Այդ վստահության հիմքում ընկած է մեր ժողովրդի անսասան կամքը, ցանկացած դժվարություն հաղթահարելու եւ իր ճակատագրի տերը լինելու պատրաստակամությունը»,- շեշտել է Նախագահ Սահակյանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: