Գիտելիքի և դպրության տոնի առթիվ ԱՀ պետնախարարն այցելել է Ստեփանակերտի N 7 դպրոց
Այսօր Արցախի Հարանապետության հանրակրթական բոլոր դպրոցներում կազմակերպվել է «Առաջին զանգ»-ի արարողություն:
Նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող զանգը հնչեցվել է նաև Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N 7 հիմնական դպրոցի 142 առաջին դասարանցիների համար:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության տոնի առթիվ կազմակերպված միջոցառման մասնակիցներ ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացուցիչները, արցախյան ազատամարտի մասնակիցները, ի հիշատակ զոհված ազտամարտիկների, ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում կանգնեցված խաչքարի մոտ:
Հանդիսավոր միջոցառմանը հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի ողջույնի խոսքը:
Շնորհավորելով ներկաներին Գիտելիքի և դպրության, ինչպես նաև ԱՀ Անկախության հռչակման տոների առիթվ՝ պետնախարարը մասնավորապես ասել է. «Ես կարևորում եմ գիտելիքի դերը՝ մեր միակ զարգացման և բարեկեցության ապահովան հիմքը: Մեր երկրի հենարանը մեր երիտասարդ սերունդն է և ես համոզված եմ, որ դուք՝ ապագա քաղաքացիներդ եք պաշտպանելու մեր երկիրը, շենացնելու և զարգացնելու այն: Լա՛վ սովորեցեք, եղեք արժանի հերթափոխը մեր հերոսական ժողովրդի»:
Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի հավաստմամբ՝ այս տարի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների առաջին դասարան հաճախողների թիվը 905 է. ուրախալի է, որ տարեցտարի աշակերտների թիվն ավելանում է:
Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանն իր հերթին շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին ասել է, որ իրենց դպրոցի փորձառու ուսուցիչները կանեն ամեն ինչ, որ իրենց կրթօջախ հաճախող երեխաները ստանան խորը և կայուն գիտելիքներ:
«Մենք ուրախ ենք, որ N 7 դպրոցի աշակերտները մեծ ակտիվույթուն են ցուցաբերում օլիմպիադաներում և այլ մրցույթներում: Գրավելով առաջնային տեղեր՝ նրանք բարձր են պահում ոչ միայն դպրոցի, այլև Արցախ աշխարհի պատիվը»,-մասնավորապես ասել է Ա. Պողոսյանը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, որոնց ելույթներն ընդմիջել են դպրոցի աշակերտների գեղարվեստական կատարումներով:
Տոնական հանդիսությունն ավարտվել է առաջին զանգի հնչեցման արարողությամբ:
Այնուհետև առաջին դասարանցիները ծանոթացել են իրենց ուսուցիչների և համադասարանցիների հետ, ստացել իրենց առաջին գրքերը: