
«Եվրոպայի հիվանդ մարդը վերադառնում է». Գերմանիայի նախկին արտգործնախարարը՝ Թուրքիայի մասին

Գերմանիայի նախկին արտգործնախարար և կանցլերի օգնական Յոշկա Ֆիշերը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում «Արաբական գարուն»-ից հետո ստեղծված իրավիճակին, նշել է, որ «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) գլխավորությամբ Թուրքիան վերադառնում է Եվրոպայի «հիվանդ մարդու» կարգավիճակին:
2011թ. Թուրքիային որպես իսլամական ժողովրդավարության հաջողված մոդել բնութագրող գործիչը կարծում է, որ վերջին 7 տարիներին Թուրքիան մեծ հետընթաց է ապրում՝ արժանանալով նույն տիտղոսին, որին արժանացել էր 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին:
Ֆիշերը նաև արտահայտել է այն տեսակետը, որ ռազմավարական իր դիրքի, տնտեսական և մարդկային ներուժի շնորհիվ Թուրքիային 21-րդ դարում փայլուն ապագա էր սպասվում, սակայն ազգայնականության և արևելյան բարքերին միտված մոտեցումների պատճառով Թուրքիան շարժվում է դեպի 19-րդ դար:
Ըստ նրա՝ Էրդողանը շատ մեծ շանս ուներ Եվրոպային ինտեգրվելու առումով, սակայն տապալեց այդ գործընթացը:
Այնուամենայնիվ, Ֆիշերն այն կարծիքին է, որ անկայուն Թուրքիան Եվրոպայի համար ցանկալի չէ, քանի որ Եվրոպայի անվտանգությունը մեծապես կախված է Թուրքիայի կայունությունից: