Հայաստանում առաջին դասարան է հաճախելու 39 000 աշակերտ. մարզերում նրանց թիվը զգալի աճել է
Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետարաններից վստահեցրին`մի շարք գործոններով պայմանավորված՝ առաջին դասարանցիների զգալի աճ է գրանցվել:
«Առաջին դասարանցիների կանխատեսվող թիվն այս ուսումնական տարում 39 000 է: Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Նրա խոսքով` առարկայական փոփոխություններ կամ ավելացումներ չեն եղել:
Առաջին դասարանցիների զգալի աճ է նկատվել հատկապես մարզային դպրոցներում: Նման ցուցանիշը հիմնավորում են ինչպես ծնելիության աճով, այնպես էլ արտերկրից` հատկապես Ռուսաստանից ներգաղթով:
Արագածոտնի մարզի դպրոցներ այս տարի կհաճախեն 1866 առաջին դասարանցիներ՝ նախորդ տավա 1806-ի համեմատ: «Ավելացումը հիմնականում պայամնավորված է նրանով, որ այս տարի արտերկրից շատ են վերադարձել»,- ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռուզաննա Նալբանդյանը:
Իսկ Շիրակի մարզն այս տարի, նախնական տվյալներով, կունենա 3100 առաջին դասարանցի՝ նախորդ տարվա 3011-ի համեմատ: Ավելացել է նաև դպոցների ընդհանուր աշակերտների թիվը: Մարզպետարանի կրթության բաժնից ավելացումը ևս հիմնավորեցին արտերկրից վերադարձածների մեծ թվով: Իսկ առաջին դասարանցիների թվի ավելացումը նաև ծնելիության աճի արդյունք համարեցին:
Վայոց ձորում առաջին դասարանցիների թիվը ևս ավելացել է՝ նախորդ տարվա 663-ի համեմատ դառնալով 686: Մարզպետարանի կրթության բաժնից նշեցին՝ այս տարի Հայաստանի այլ վայրերից զինվորականների երիտասարդ ընտանիքներ են գնացել մարզ: Եվ աճը, հավանաբար, հենց դրա արդյունքն է նաև:
Տավուշի մարզում ևս թե՛ առաջին դասարանցիների, թե՛ դպրոցների աշակերտների ընդհանուր թվի զգալի ավելացում է նկատվում: Այս տարի առաջին դասարան կհաճախի 1650 աշակերտ, նախորդ տարի ցուցանիշը եղել է 1553: Դպրոցների ընդհանուր աշակերտների թիվն այս տարի 16 հազար 916 կլինի՝ նախորդ տարվա 15 հազար 942-ի համեմատ: Մազպետարանից նշեցին` ավելացումը նաև ներգաղթի արդյունք է: Մարզ այս տարի շատ են վերադարձել արտերկրից, հատկապես՝ Ռուսաստանից:
Աննա Գրիգորյան