ԵՄ-ի բնակիչների մեծամասնությունը ցանկանում է հրաժարվել ամառային ու ձմեռային ժամանակի անցնելուց. հարցում
Եվրամիության բնակիչների մոտավորապես 84 տոկոսը կցանկանար դադարեցնել անցումը ամառային ու ձմեռային ժամանակի: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել է Եվրահանձնաժողովի կողմից։ «Եվրահանձնաժողովն այսօր հրապարակել է Եվրոպայում ժամանակը փոխելու հարցի շուրջ հանրային կոնսուլտացիաների նախնական արդյունքները:
Առցանց կոնսուլտացիաների ընթացքում, որոնք անցկացվել են 2018 թվականի հուլիսի 4-ից մինչեւ օգոստոսի 16-ը, 4,6 մլն պատասխան է ստացվել Եվրամիության բոլոր 28 երկրներից:
Նախնական արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 84 տոկոսը հանդես է գալիս տարեկան երկու անգամ ժամացույցի սլաքի տեղափոխումը դադարեցնելու օգտին»,-ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
Եվրախորհրդարանը փետրվարին բանաձեւ էր ընդունել, որը Եվրամիությանը կոչ է անում դադարեցնել ամառային ու ձմեռային ժամանակի անցնելու պրակտիկան այն բանի հիման վրա, որ բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ չեն կարողացել ապացուցել դրա դրական հետեւանքները, բայց նշել են բացասական հետեւանքների առկայությունը մարդու առողջության, գյուղատնտեսության եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: