
Գիտնականները հարյուր հազարավոր մարդկանց մահից փրկելու միջոց են գտել

Ամերիկացի գիտնականները մշակել են AT-121 ցավազրկողը, որն ավելի ուժեղ է մորֆինից, կախվածություն եւ վտանգավոր կողմնակի ազդեցություններ չի առաջանցնում: Այս մասին հայտնել է Science Alert հրատարակությունը:
Հետազոտողները հուսով են, որ պատրաստուկը կօգնի կրճատել այն մահերի թիվը, որոնք պայմանավորված են ցավը վերացնող դեղերից ունեցած կախվածությամբ եւ դրանց գերդոզավորմամբ: 2012 թվականին միայն ԱՄՆ-ում ափիոնային ցավազրկողների գործածության պատճառով ավելի քան 16 հազար մարդ է մահացել:
Մակակա-ռեզուսների մասնակցությամբ փորձարկումները ցույց են տվել, որ AT-121-ը մորֆինի նման ցավազրկող ազդեցություն է գործում՝ ունենալով սովորականից հարյուր անգամ ավելի պակաս խտություն: Դեռ ավելին, պատրաստուկն ունակ է նվազեցնելու կենդանիների կախվածության մակարդակն օքսիկոդոնից՝ կիսասինթետիկ ափիոնային ալկալոիդից: AT-121-ի բարձր դոզաները շնչառության ճնշում եւ սիրտ-անոթային համակարգի խանգարումներ չեն առաջացրել:
Գիտնականները հուսով են, որ արդյունքները կհաստատվեն հետագա փորձարկումների ընթացքում, որոնք կանցկացվեն արդեն մարդկանց մասնակցությամբ: