Բաժիններ՝

Պայթյուն է տեղի ունեցել Նիժնի Նովգորոդի մերձակա պաշտպանական գործարանում. կան զոհեր

Պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան պաշտպանական գործարանում, զոհվել է առնվազն երեք մարդ: Երեք մարդ հոսպիտալացվել է, ճշտել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:

«Եվս երեքի ճակատագիրը մնում է անհայտ, ըստ երեւույթին, նրանք մնում են փլվածքների տակ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Պայթյունն սկսվել է հրդեհից, որը տարածվել է 100 քառակուսի մետր մակերեսով: Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհը հաջողվել է լիովին մարել: Mash ալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ռազմամթերքի ոչնչացման ժամանակ:

Տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ, նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ է դարձել անվտանգության կանոնների խախտումը վտանգավոր աշխատանքներ կատարելիս:

Սվերդլովի անվան գործարանը մասնագիտացած է ռազմամթերքի պատրաստման բնագավառում. պաշտպանական արտադրանքը կազմում է ձեռնարկության արտադրության ընդհանուր ծավալի 35 տոկոսը: Թողարկման մնացած մասը բաժին է ընկնում քիմիական արտադրանքին, արդյունաբերական պայթուցիկ նյութերին, մեքենաշինության արտադրանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս