«Այս ամենը բերելու է եղբայրասպան պատերազմի». Տիգրան Եղոյան
Ֆերմեր Տիգրան Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ խոշորացումից հետո Եղեգիս համայնքի ժաղավուրդը պայքարում է այնտեղ կազմված քրեաօլիգարխիկ խմբի դեմ, որոնք, ըստ նրա՝ համայնքի կյանքը մղձավանջի են վերածել:
«Ներկայիս գյուղապետը, որը նախկին Հանրապետական էր, հիմա ասում է, որ Հանրապետական չէ, և ներկայացնում են, որ փորձում են արդեն քայլեր իրականացնել: ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանն իր անձնական շահով, սեփական հէկ-ով էր շահագրգռված և աջակցում այդ գյուղապետին: ՊՆ նախկին գեներալ Օհանյան Հովիկի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կողմից Արատես գյուղը բռնազավթված է: Այդ գյուղի տերը ՊՆ գեներալ Հովիկ Օհանյանն էր, որն այսօր արդարանում է, թե հէկ-ն իրենը չէ, որդունն է: Ժողովուրդը պահանջում է, որ այդ գյուղը վերաբնակեցվի: Ժողովրդական ընդվզումը երբ բարձրացավ, ժողովուրդը փակեց համայքնի ղեկավարի շենքը և պահանջեց նրա հրաժարականը»,- ասաց նա:
Նա ասաց, որ երբ Եղեգիս համայնքի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը, այնտեղ է ժամանել տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, որը, ըստ նրա՝ օրենքներ չգիտի և խնդրին լուծում չի կարողացել տալ: «Սուրեն Պապիկյանի վարքագիծը որակել եմ՝ որպես առաջին կուրսի առաջին կիսամյակի ուսանողի վարքագիծ: Դա անընդունելի է»:
Ֆերմերն ասաց, որ իրեն մեղադրում են, որ այդ ամենը կազմակերպել է, որպեսզի իր սեփական անասնագլխաքանակը տեղափոխի այդ բնակատեղին, բայց վստահեցնում է, որ նման բան չկա:
«Մենք Ոստիկանությանը նամակ ուղարկեցինք, որ անտառը կտրելով՝ խողովակներ էին բերել և մի քանի գյուղ զրկել ջրից: Ժողովուրդն ընդվզեց և Ալայազի ջուրը բացեցին: Աշոտ Բլեյանը հանկարծ հայտնվեց և ասաց, որ իրեն այդտեղ տարածք են հատկացրել, որպեսզի կառուցի դպրոց՝ բաց երկնքի տակ: Բլեյանը համարվում է որոշ օլիգարխների քաղաքական ծնող: Նախկինում այնտեղ եղել են թուրքական գյուղեր, Բլեյանը ոչ մի դպրոց բաց երկնքի տակ չկառուցեց»:
Խոշորացված համայնքի ղեկավարը, ըստ նրա՝ երեք ամիս է՝ չի աշխատում, ու կառավարությունը չի հետաքրքրվում դրանով. «9 միլիոն դրամ Եղեգիս խոշորացված համայնքին աշխատավարձ է գնում, որը ևս օրենքի կոպիտ խախտում է, քանի որ համայնքապետարանը փաստացի չի աշխատում: Մենք 15 օր առաջ նամակ ենք ուղարկել ԿԳՆ, ՏԿ նախարարին, բայց որևէ պատասխան չենք ստացել: ԲՀԿ-ի կողմից առաջադրված մարզպետը նույնպես ոչինչ չի անում, և քանի որ Բագրատյան Սերգեյի դրածոներն են, փորձում են այսօր ընտրությունների հետ կապված խաղեր տալ: Ժողովուրդն այս պահին ստորագրահավաք է իրականացնում և պահանջում Արատեսի վերաբնակեցում: Մենք փորձելու ենք երթով շարժվել Երևան, անձամբ դա հանձնել վարչապետին կամ փոխվարչապետին, որ Արատես գյուղը վերաբնակեցվի: Այս ամենը բերելու է եղբայրասպան պատերազմի, լավ հետևանքներ չեն լինելու: Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի մտնել Եղեգիս խոշորացված համայնք»:
Ասուլիսի մյուս բանախոս, պատմաբան Գևորգ Յազճյանն էլ ասաց, որ ՊՆ գեներալի կողմից նման գործունեությամբ զբաղվելն արդեն իսկ օրենքի խախտում է. «Ինչ վերաբերում է Սեբաստացի կրթահամալիրի մասնաճյուղ ստեղծելուն, ապա պարոն Բլեյանն ասում է, որ այնտեղ պետք է լինի ճամբար: Արատես գյուղն այնքան մեծ է, որ այնտեղ մի քանի ճամբար կարելի է կառուցել, ինչի՞ համար ամբողջ գյուղի տարածքը փակել: Ենթադրենք, որ որոշ տարածք տրամադրվել է իքսին կամ իգրեկին, դա նշանակում է, որ պետք է գյուղը փակել, որ այդտեղ ոչ ոք չմտնի՞»: