«Նա հարբած էր, իրարանցում ստեղծեց». ի՞նչ է իրականում տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում
«Երեկ մենք ոստիկանների հետ բանավիճում էինք՝ փողոցում նվագել-չնվագելու հետ կապված, միջադեպ տեղի ունեցավ, բերման ենթարկեցին փողոցային երաժշտի, որը, եթե չեմ սխալվում, Ուկրաինայի քաղաքացի է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց փողոցային երաժիշտ Դավիթ Դանիելյանը, ով միջադեպի ժամանակ եղել է Հյուսիսային պողոտայում, և մանրամասնեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
«Հիմա թյուրիմացություն կա. կարծիքներ կան, թե իրեն ձերբակալել են փողոցային երաժշտությամբ զբաղվելու համար, բայց իրականում երեկ ներկա էի, նա հարբած էր, ընկերոջ հետ ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերեց, և այնտեղ իրարանցում ստեղծեց։ Ոստիկանները մեկ-երկու անգամ ադեկվատ ձևով փորձեցին իրեն կարգի հրավիրել, բայց ինքը շարունակում էր իրեն ահավոր վատ պահել։ Ոստիկաններն էլ միջոցներ ձեռնարկեցին և նրան բերման ենթարկեցին։ Մենք երեկ ոստիկանների հետ բանավիճում էինք, բայց որևէ խնդիր չկար մինչև նրանց գալը, նրանք եկան, իրենց շատ վատ պահեցին, դրա համար նրանց ուղղակի բերման էին ենթարկել»,- պարզաբանեց երաժիշտը։
Դավիթը նաև նշեց, որ սկզբից ոստիկաններն իրեն մոտեցել են, խնդրել են դադարեցնել երաժշտությունը, ինքն էլ բացատրել է, որ որևէ օրենք չի խախտում՝ փողոցում նվագելով. «Ժողովուրդ էր հավաքվել, բայց այդ հարցի շուրջ որևէ միջադեպ չի եղել, իրեն չեն ձերբակալել, որովհետև փողոցային երաժիշտ է։ Հիմա չգիտեմ՝ խնդիրը լուծվել է, թե ոչ, ես եկել եմ, որ նվագեմ, և եթե էլի փորձեն խոչընդոտել, ես նորից պայքարելու եմ»։
Ի դեպ, մեր նկարահանման ընթացքում Հյուսիսային պողոտայում բազմաթիվ երաժիշտներ կային, բայց ոստիկանները նրանց չէին խոչընդոտում։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից հետո միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ այլազգի քաղաքացիները փողոցում ալկոհոլ են օգտագործել, ինչն արգելված է օրենքով, և նրանք բերման են ենթարկվել։ Օսիպյանը նաև նշել է, որ երաժշտությունը շատ գրավիչ է զբոսաշրջիկների ու անցորդների համար, բայց տեղի բնակիչների համար այն վերածվում է աղմուկի, և պետք է սահմանափակել մինչև ժամը 23։00-ն։
Դավիթ Դանիելյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մինչև 23։00-ն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում