
«Մեսսին գիտի՝ ինչպես կառավարել «Բարսելոնան»: Նա իմ խորհուրդների կարիքը չունի». Ինիեստա

«Վիսել Կոբե» ճապոնական ակումբի կիսապաշտպան Անդրես Ինիեստան իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» կազմի և հարձակվող Լիոնել Մեսսիի առաջնորդ լինելու հատկությունների մասին:
Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը, ով կատալոնական ակումբի ավագն էր, նախորդ մրցաշրջանի վերջում հեռացավ ակումբից:
««Բարսելոնան» ուժեղ թիմի տպավորություն է թողնում, թիմը կատարել է ֆուտբոլիստների հիանալի ընտրություն: Ամռանը ակումբը ձեռք է բերել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու ֆուտբոլիստների, ովքեր ապահովում են խաղի անհրաժեշտ խորությունը: Հուսանք, որ թիմը կհասնի մրցաշրջանի ավարտին` յուրաքանչյուր մրցաշարում պահպանելով հաղթելու հնարավորությունը:
Մեսսին միշտ աշխատում է ավագի նման, նույնիսկ, եթե դաշտ է դուրս գալիս առանց թևկապի: Մեսսին գիտի՝ ինչպես կառավարել «Բարսելոնան»: Բացի այդ, նա Արգենտինայի հավաքականի ավագն է: Նա իմ խորհուրդների կարիքը չունի»,- նշել է Ինիեստան:
Սիրարփի Աղաբաբյան