Գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելը Թուրքիայից 1մլն լիրայի փոխհատուցում է պահանջում

Գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ։ Նա 1մլն թուրքական լիրայի փոխհատուցում է պահանջել Թուրքիայից՝ շուրջ 1 տարի անօրինական կերպով կալանքի տակ պահվելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպությունը։

RSF–ի թվիթերյան էջում զետեղված է հետևյալ գրառումը․

«Գերմանական «Die Welt» թերթի լրագրող Դենիզ Յուջելն ավելի քան 1 տարի անօրինական կերպով կալանքի տակ պահվելու դիմաց 1մլն թուրքական լիրայի փոխատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել։ Փաստաբան Վեյսել Օքի կողմից Ստամբուլի ծանր հանցագործությունների 17-րդ դատարանում բացված դատական գործով լսումները կմեկնարկեն սեպտեմբերի 25-ին»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի, գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից, 44-ամյա Դենիզ Յուջելը 1 տարի կալանավորված էր մնացել Թուրքիայում՝ առանց մեղադրական եզրակացության։ Նա ձերբակալվել էր 2017թ․ փետրվարի 14-ին, երբ ներկայացել էր Ստամբուլի անվտանգության վարչություն՝ այլ դատավարության շրջանակներում ցուցմունք տալու համար։ Յուջելը մեղադրվում էր իր հոդվածներով «հանրության մեջ ատելություն և թշնամանք տարածելու» և «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» կատարելու մեջ։

2018թ․ փետրվարի 16-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Յուջելին՝ մինչև վճռի հրապարակումը։ Վերջինս վերադրաձավ Գերմանիա։ Յուջելի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին։ Թուրքական դատախազությունը լրագրողի համար 18 տարի խիստ ռեժիմի ազատազրկում է պահանջում։

Cumhuriyet

Տեսանյութեր

Լրահոս