Սեպտեմբերի 1-ին Վրաստանում կմեկնարկեն Agile Spirit 2018 բազմազգ հրամանատարաշտաբային վարժանքները
Վրաստանում սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը տեղի կունենան «Ճարպիկ ոգի» (Agile Spirit 2018) բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին ասված է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Բազմազգ զինավարժանքները տեղի կունենան Սենակի քաղաքում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջան) Վրաստանի զինված ուժերի երկրորդ հետեւակային բրիգադի տարածքում: Դրանք կանցկացվեն ԱՄՆ-ի ծովային հետեւակայինների զորակազմի եվրոպական հրամանատարության եւ Վրաստանի զինված ուժերի ղեկավարությամբ:
Ընթացիկ տարում զորավարժություններին, բացի Վրաստանից, կմասնակցեն աշխարհի եւս ինը երկրների՝ ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Զեխիայի եւ Էստոնիայի զինվորականներ, մինչդեռ 2017 թվականի սեպտեմբերին զորավարժություններին մասնակցել էր յոթ երկիր:
Զորավարժությունները տեղի կունենան JCATS/MTWS համակարգչային սիմուլյատիվ համակարգերի միջոցով՝ առանց անձնակազմի ներգրավման: Ինչպես նշում է Sputnik-ը, «Ճարպիկ ոգին», որը 2011 թվականից անցկացվում է ամեն տարի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղադրիչներից մեկն է: