Գիլիերմո դել Տորոն ուշադրություն է հրավիրել ռեժիսորների շրջանում կանանց պակասի վրա
Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի նախագահ Գիլիերմո դել Տորոն այն կարծիքին է, որ ներկայում հասունացել է կին ռեժիսորների անբավարարության խնդրի վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա մինչեւ սեպտեմբերի 8-ը:
Ստուգատեսի հիմնական ծրագրում 21 կինոնկար՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից: Մրցույթում կին ռեժիսորը միայն մեկն է՝ ավստրալուհի Ջենիֆեր Քենթը՝ «Սոխակ» ֆիլմով: «Սա իրական խնդիր է, որն այժմ գոյություն ունի մեր մշակույթում, եւ բազմաթիվ ձայներ, որոնք ցանկանում են լսելի լինել, իսկապես պետք է լսելի լինեն: Ես կարծում եմ, որ մեր ժամանակներում կարեւոր է ուշադրություն դարձնել դրա վրա եւ ցույց տալ, որ այդ խնդիրը գոյություն ունի»,-օգոստոսի 29-ին ասել է դել Տորոն լրագրողներին:
Նրա խոսքով՝ ինքը որպես պրոդյուսեր աշխատում է հինգ նախգծերի վրա. դրանցից երեքը կին-ռեժիսորների ֆիլմեր են, իսկ երկուսը՝ դեբյուտանտների: Նա նշել է, թե իզուր չէ, որ այս տարի Վենետիկում ժյուրիի կազմում հինգ կին կա եւ չորս՝ տղամարդ, դա արվել է ոչ թե պարզապես ձեւի համար, այլ որովհետեւ իրականում դրա անհրաժեշտությունը կա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: