Բաժիններ՝

«Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում. Մենք ոչնչից տեղյակ չենք, բիզնես գործընկերներից ենք իմանում, որ նման բան է սպասվում». «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն

Սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումն արգելելու մասին Վրաստանի կառավարության որոշումը, որ շրջանառության մեջ է դրվել մոտ 1 ամիս առաջ, այսօր քննարկման թեմա էր դարձել ՀՀ Ազգային ժողովում։ Որոշմամբ սահմանվում է, որ փոխադրումները պետք է իրականացվեն՝ ջրային, այնուհետև՝ երկաթուղային ճանապարհով։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգեց, որ դրա հետևանքով տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա ցորենը, եթե միայն Փոթիով գա: «Մենք եղբայրական պետություններ ենք, և ես կարծում եմ, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով»,- ասել էր նա:

Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ընդգծելով, որ մինչև նշված ժամկետը պաշտոնական այց են ունենալու Վրաստան և ամեն ինչ կանեն խնդիրը հարթելու համար, այնուամենայնիվ, դրա պատասխանատու էր համարել կառավարությանը։

Հացահատիկի խոշոր ներկրող «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վրացական կողմը կեղծ հիմնավորումներ է բերում, իբրև թե այս փոփոխության նպատակը զբոսաշրջության զարգացման խոչընդոտների վերացումն է։

«Կարծում եմ՝ խնդիրը նավահանգիստներն ու երկաթգծերն աշխատեցնելն է։ Ավտոտրանսպորտը, որն այլընտրանքային բեռներ տեղափոխող միջոց է, օրենքով սահմանափակում են, որ մենաշնորհային ոլորտները՝ երկաթուղին ու նավահանգիստները, աշխատեն։ Դրա հետևանքով Հայաստանը կունենա բարձր գներով ցորեն կամ ալյուր»,- ասաց Գ. Նիկողոսյանը՝ հաշվարկելով, որ Ռուսաստանում ցորենի այսօրվա գների դեպքում 1 տոննան կթանկանա առնվազն մոտ 70 դոլարով, կամ 1 կիլոգրամ ալյուրը՝ 40-50 դրամով։

Թե ո՞րն է խնդրի լուծումը, տնտեսվարողը նշեց, որ կա ՀՀ կառավարությունը, որն ինքը պետք է բանակցի վրացական կողմի հետ, ոչ թե գործարարները։ Ըստ նրա՝ Հայաստանի միակ ցամաքային ճանապարհը Լարսն է, իսկ վրացիները խնդիր չունեն, որովհետև կարող են օգտագործել Ադրբեջանից եկող երկաթգծային ուղին, և թանկացումը մեծ չի լինի։

Գ. Նիկողոսյանը դժգոհություն հայտնեց, որ նման լուրերին գործարարները տեղեկանում են այլ աղբյուրներից, և ոչ թե՝ ՀՀ կառավարությունից. «Մի՞թե մենք չունենք Տրանսպորտի նախարարություն, որ մեզ ժամանակին տեղեկացնի այդ մասին։ Ինչո՞վ են զբաղված Տրանսպորտի նախարարությունում՝ հարկատուների փողերն ուտելով ու ոչինչ չանելո՞վ։ Մենք ոչնչից տեղյակ չենք, բիզնես գործընկերներից ենք իմանում, որ նման բան է սպասվում։ Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Տրանսպորտի նախարարությունը եթե գումարներ է գանձում տրանսպորտի ընկերություններից, պետք է տեղեկատվություն տա՞, թե՞ ոչ»։

Գ. Նիկողոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն իրավունք ունի չհամաձայնելու Վրաստանի այս որոշման հետ, քանի որ Հայաստանն այլընտրանքային ճանապարհ չունի, իսկ միջազգային կոնվենցիաներն արգելում են նման գործողությունները։

Նիկողոսյանի հետ մեր զրույցից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց վրացիների հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին։

«Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս