Նախարարությունը նախատեսում է լուծել դպրոցների ուսուցիչների թղթաբանական ծանրաբեռնվածության հարցը
Դպրոցներում ուսուցիչների դրույքաչափերի ծանրաբեռնվածության հարցն այժմ քննարկվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով դրույքաչափերի վերաբերյալ տնօրենների մտահոգություններին՝ նախարարն ընդգծեց, որ այդ ծանրաբեռնվածության արդյունքում ուսուցիչները ստիպված են լինում նույն աշխատանքը մի քանի անգամ կատարել:
«Այս հարցն, իրոք, քննարկվում է. ուսուցիչների ծանրաբեռնվածությունը պայմանավորված է լրացուցիչ թղթաբանություններով։ Մենք կարգերի փոփոխություններ ենք անելու, որպեսզի ուսուցիչները նույն աշխատանքը մի քանի անգամ չանեն։ Մատյաններն էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ ենք աշխատում, իսկ քանի դեռ այդ կարգերը չեն փոխվել, խնդրում եմ այդ փաստական տվյալները պարտաճանաչ կերպով լրացնել, քանի որ դրանք մեզ համար կենսական նշանակություն ունեն»,- ասաց Հարությունյանը:
Նա հավաստիացրեց, որ առաջիկայում ուսուցիչներն իրենց աշխատանքը կկատարեն, ոչ թե մատյանում և, միաժամանակ, Dasaran.am-ում, այլ այդ ամենը կմեկտեղվի։