
«Շատ լավ տրամադրությամբ ենք եկել, գնալու ենք դեպի հաղթանակ». Անահիտ Թարխանյան

«Երևանի հանրություն» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Դաշինքի ցուցակը կգլխավորի Անահիտ Թարխանյանը:
«Շատ լավ տրամադրությամբ ենք եկել, գնալու ենք դեպի հաղթանակ: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու առողջապահությունը, շրջակա միջավայրը, սոցիալական խնդիրները, ենթակառուցվածքային խնդիրները, նոր աշխատատեղերի ստեղծումը»,- նշեց Թարխանյանը:
Դաշինքի ցուցակի երկրորդ համար Արմեն Հովհաննիսյանի խոսքով` իրենք հավատում են արդար ընտրությունների անցկացմանը, բայց չեն ուզում տեսնել ԿԸՀ նախագահի պաշտոնում մարդու, ով տարիներ շարունակ ներգրավված է եղել այլ տեսակի ընտրություններում:
«Երևանի հանրություն» դաշինքը գլխավորող Անահիտ Թարխանյանը դեռևս իր մրցակիցներին չի առանձնացնում: «Մինչև հրապարակված չլինեն ծրագրերը, չես կարող գնահատել` ով է ավելի լավ ծրագրով հանդես գալիս»,- ասաց նա:
«Երևանի հանրություն» դաշինքն ընտրություններին կմասնակցի «Ի շահ հարազատ քաղաքի» կարգախոսով: Դաշինքի ցուցակը բաղկացած կլինի 47 հոգուց: