Սաուդյան Արաբիան պահանջել է խստացնել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
Սաուդյան Արաբիան հանդես է գալիս Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու օգտին: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը:
«Ինչ վերաբերում է իրանական միջուկային ծրագրին եւ այդ ծրագրի շուրջ կնքված պատմական համաձայնագրին, ապա մենք ամենասկզբից ասում էինք, որ այդ ծրագիրը թույլ է եւ չի նախատեսում ակտիվ միջոցների ձեռնարկում, որոնք Իրանին թույլ չէին տա ամենակարճ ժամկետում շարունակել իր միջուկային ծրագիրը, քանի որ այդ համաձայնագիրն ավարտվում էր 2025 թվականին եւ վտանգ կար, որ նրանք կարճ ժամանակում կարող են միջուկային ռումբ ստեղծել»,-մամուլի ասուլիսում ասել է նախարարը՝ ամփոփելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Բացի դրանից, այդ համաձայնագիրը չի նախատեսում Իրանի դերի սահմանափակում ահաբեկչությանն աջակցելու գործում եւ չի սահմանափակում իրանական մշակումները բալիստիկ հրթիռների բնագավառում: Մենք այն կարծիքին ենք, որ Իրանն արժանի է այն բանին, որ մենք ավելի շատ պատժամիջոցներ ընդունենք այդ պետության նկատմամբ»,-ընդգծել է դիվանագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: