Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը մեկնել է պետական սահման

Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզ` ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին:

Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով ոստիկանության զորքերի` մարտական հերթապահության անցնելու որոշում էր կայացվել, և մի քանի օր առաջ առաջին ստորաբաժանումները մեկնեցին պետական սահման:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը եղավ ստորաբաժանման տեղակայման կետերում, ծանոթացավ պայմաններին, խնդիրներին, քննարկեց ծառայության մի շարք հարցեր:

Դիրքերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի, իր մարտական խնդիրը, բայց անփոփոխ է մեկ ընդհանրություն. մշտական պատրաստականությունը հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Ոստիկանության պետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը և նրանց ուղեկցողները ծանոթացան զինվորների ծառայության ու կենցաղի պայմաններին, հանդերձավորմանը, պարենային ապահովմանը:

Նրանց ներկայացվեցին արևային մարտկոցներով էլեկտրականություն ապահովելու համակարգերը, գիշերային տեսադիտարկման սարքերը, բուժկետերի հագեցածությունը, դիտակետերի ու պահակակետերի կազմակերպման առանձնահատկությունները: Նաև չեզոք գոտու ու հակառակորդի առաջապահ դիրքերի տեսադիտարկում արվեց` զինծառայողների ու հրամանատարների հավաստումով, որ նրանց ցանկացած տեղաշարժ, ցանկացած շարժում հսկողության տակ է, և զորքերը միշտ պատրաստ են արագ ու համարժեք արձագանքի:

Օգոստոսի 28-ը նաև ոստիկանության այդ սահմանապահ ստորաբաժանման կազմավորման օրն է, և Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով տարեդարձի առթիվ` շնորհակալություն հայտնեց ծառայության համար:

Մեկ օր տևեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի այցը մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերին, որ երկրի ներքին անվտանգությանը զուգահեռ սահմանի անառիկությունն է պահպանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս