Թափառող կենդանիների վնասազերծման պայմանագիրը լուծվել է. տուգանվել է «Յունիգրաֆ-Իքս»-ը
Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ստանձնած պարտավորությունների չկատարման հիմքով:
Պայմանագրի լուծման արդյունքում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ, որը բավարարվել է ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 17.08.2018 թվականի թիվ ՍՑ-ԱՄ-2018/120 որոշմամբ և «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն ընդգրկվել է վերը նշված ցուցակում 2 տարի ժամկետով: Միաժամանակ, «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ից, բանկային երաշխիքին համապատասխան, Երևան քաղաքի բյուջե է գանձվել 11,422,720 դրամի չափով պայմանագրի ապահովումը:
Հաշվի առնելով թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների անհրաժեշտության, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանրային հակասական կարծիքների և մոտեցումների առկայությունը՝ Երևանի քաղաքապետարանը, մինչև ծառայությունների ձեռքբերման նոր մրցույթ հայտարարելը, իր պաշտոնական կայքում տեղադրել է ծառայությունների տեխնիկական բնութագիրը` առաջարկներ և դիտողություններ անելու համար:
Առաջարկությունները և դիտողությունները 15-օրյա ժամկետում հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով կամ գրավոր` Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1)