Բաժիններ՝

Ղրիմի հյուսիսի Արմյանսկ քաղաքում անհայտ նյութի արտանետում է տեղի ունեցել

Ղրիմի Հանրապետության հյուսիսի Արմյանսկ քաղաքում մասնագետներն ստուգում են առարկաների վրայի փառը, որն առաջացել է անհայտ նյութի արտանետումից հետո: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փոխնահանգապետ Իգոր Միխայլիչենկոն:

«Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի է ունեցել անհայտ նյութի արտանետում մթնոլորտ, դեղին փառ է հայտնվել մետաղյա առարկաների, տանիքների եւ ծառերի տերեւների վրա: Ժամանել են դատախազության, «Ռոսպոտրեբնադզորի» (ներկայացուցիչները) եւ (տարածաշրջանի) բնապահպանության նախարարության աշխատակիցները: Կատարվում են հետազոտություններ»,- ասել է փոխնահանգապետը:

Նրա խոսքով՝ փորձաքննության արդյունքները պլանավորվում է ստանալ մոտ օրերս: Տարածաշրջանային զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ տեղի բնակիչները գանգատվում են, որ մետաղյա առարկաները կարծես թե ժանգոտվել են կամ էլ ծածկվել յուղանման փառով, անհասկանալի նյութով են ծածկված ծառերի տերեւները, տուժել է բանջարանոցների բերքը: Սոցիալական ցանցերում մարդիկ նշում են, որ արդեն մի քանի օր է, ինչ քաղաքում թթվի հոտ է կանգնած եւ կարծում են, որ արտանետում է տեղի ունեցել տեղի ձեռնարկություններից մեկում. Ղրիմի հյուսիսում մի քանի գործարան է աշխատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս