Մինչև 2030-ական թվականների կեսերը Հնդկաստանը բնակչության թվաքանակով կգերազանցի Չինաստանին. փորձագետներ
Հնդկաստանի բնակչությունն աճում է աշխարհում ամենաարագ տեմպերով: Մինչեւ 2030-ական թվականների կեսերը հնդիկների թիվը, ամենայն հավանականությամբ, 8 տոկոսով կգերազանցի չինացիների թվաքանակը. մինչեւ 2050 թվականը Հնդկաստանում 25 տոկոսով ավելի մարդ կապրի, քան Չինաստանում:
Այս կանխատեսումը տեղ է գտել Վաշինգտոնում բազավորված Մարդահամարի բյուրոյի՝ հեղինակավոր կազմակերպության զեկույցում, որն ուսումնասիրում է ժողովրդագրական եւ ազգաբնակչության աճի հարցերը:
Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել է Hindustan Times թերթը, վկայակոչելով զեկույցը, ներկայում Չինաստանի եւ Հնդկաստանի բնակիչների թվաքանակը կազմում է համապատասխանաբար 1,39 մլրդ եւ 1,37 մլրդ մարդ: Այն դեպքում, երբ Հնդկաստանի բնակչությունը մինչեւ 2030-ական թվականների կեսերը եւ մինչեւ 2050 թվականների կեսերը կավելանա մինչեւ 1,53 մլրդ եւ 1,68 միլիարդ, Չինաստանում այդ ցուցանիշները կկազմեն 1,42 մլրդ եւ 1,34 մլրդ մարդ՝ համապատասխանաբար:
Ներկա դրությամբ հնդիկները կազմում են երկրագնդի բնակչության 17,85 տոկոսը, թեեւ երկրի տարածքն զբաղեցնում է աշխարհի ցամաքային մասի ընդամենը 2,4 տոկոսը: Հնդկաստանի բնակիչների կեսից ավելին այժմ 25-ից ցածր տարիքի է, իսկ 65 տոկոսից ավելին չի բոլորել 35 տարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: