Կոնյակը վաճառքների նոր ռեկորդ է սահմանել աշխարհում
Ֆրանսիայի կոնյակի ազգային միջպրոֆեսիոնալ վարչությունը հայտնել է 2017 թվականի օգոստոսից մինչեւ 2018 թվականի օգոստոսն աշխարհում այդ ոգելից խմիչքի ռեկորդային վաճառքների մասին:
Կազմակերպության տվյալներով՝ նշված ժամանակաշրջանում Ֆրանսիայից արտահանվել է շուրջ 206 միլիոն շիշ կոնյակ: 2017 թվականից մինչեւ 2018 թվականը ֆրանսիական կոնյակի արտահանումն աճել է 8,2 տոկոսով՝ ծավալով եւ 5,4 տոկոսով՝ դրամական արտահայտությամբ: Այդ խմիչքն արտահանվում է ավելի քան 150 երկիր: Ամենից լավ այն վաճառվում է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում:
Բայց դրա վաճառքները 2017 թվականից մինչեւ 2018 թվականն առանձնապես ավելացել են Ասիայում՝ գրեթե 15 տոկոսով: Չինաստանը ներմուծել է շուրջ 26,2 միլիոն շիշ եւ մտել կոնյակի խոշորագույն ներմուծողների շարքը:
2017 թվականից մինչեւ 2018 թվականը բրիտանացիները, ներմուծելով 10,8 միլիոն շիշ, Եվրոպայում զգալիորեն ավելի շատ են կոնյակ խմում, քան ֆրանսիացիները, որոնց վաճառվել է 4,3 միլիոն շիշ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: