Նախկին ամուսինը գրեթե 1 տոննա մանրադրամ է բերել ալիմենտը վճարելու համար
Ինդոնեզիայի բնակիչ Դուի Սուսիլարտոն մանրադրամով է վճարել ալիմենտների գծով գոյացած միլիոնանոց պարտքերը եւ վշտացրել է նախկին կնոջը: Այդ մասին հայտնել է The Coconuts հրատարակությունը:
Սուսիլարտոն Կարանգանջարի կրոնական դատարան էր բերել մոտավորապես 12 պարկ, որոնցում կար 153 մլն ինդոնեզական ռուփի (մոտավորապես 713 հազար ռուբլի)՝ մետաղադրամներով: Ընդամենն այն կշռում էր 890 կիլոգրամ: Եվս 25 միլիոնը նա տվել է թղթադրամներով: 52-ամյա տղամարդը փողերը դատարան էր հասցրել սայլակով՝ երկու ընկերների օգնությամբ:
Սուսիլարտոյի արարքը քիչ էր մնում ծեծկռտոց հրահրեր նրա եւ նրա նախկին կնոջ փաստաբանի միջեւ, որը հրաժարվել է հաշվել փողերը: Սակայն ինդոնեզացու պաշտպան Սուտարտոն նշել է, որ տղամարդը չի ցանկացել վիրավորել նախկին կնոջը: «Նա վատ մտադրություններ չի ունեցել. փողերի մի մասն օգնել են հավաքել ընկերները, ինչ-որ բան նա հանել է իր գանձատուփից»,- բացատրել է իրավաբանը:
Սակայն կինը չի հավատացել արդարացումներին եւ հայտարարել է, որ նախկին ամուսինը ցանկացել է վիրավորական ձեւով ակնարկել իր աղքատությունը: Այնուամենայնիվ, նա վերցրել է փողերը: Այժմ դատարանի աշխատակիցները պետք է վերահաշվեն դրանք: