Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել

Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, կենտրոնական վարչակազմի և մարզային վարչությունների ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով համակարգի առաջիկա խնդիրներին` հատկապես կարևորեց անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպումն ու իրականացումը` կապված ուսումնական տարվա մեկնարկի հետ:

Ոստիկանության պետն ընդգծեց, որ «Զգուշացե´ք. երեխաներ են» ավանդական միջոցառմանը պետք է նախորդեն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների այցելությունները դպրոցական հաստատություններ, գրպանահատության ու գողության դեպքերը բացառելու նպատակով պետք է ուժեղացված ծառայության կազմակերպել տոնավաճառներում ու առևտրի կենտրոններում, որտեղ այս օրերին աշխուժանում է ուսումնական պարագաների առևտուրը, իսկ սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքում և մարզերում պարտադիր է վերակարգերի առկայությունը դպրոցամերձ տարածքներում, հատկապես առավոտյան ժամերին և դասերի ավարտին:

Կարգադրվեց դպրոցների շրջակայքում թարմացնել գծանշումները, ապահովել լուսակիրների տեսանելիությունն ու ճանապարհային նշանների առկայությունը:
Վալերիյ Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը հանձնարարեց անել ամեն ինչ ոչ միայն դպրոցականների անվտանգությունն ապահովելու, այլև հատկապես առաջին դասարանցիների սեպտեմբերի 1-ը տոնական դարձնելու համար:
Հանձնարարականներ տրվեցին դեռահասների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Խոսքը հատկապես ավագ դպրոցների սովորողների մասին է, որոնց հետ հանդիպում-զրույցները էական նշանակություն ունեն հանցավոր դրսևորուները նվազեցնելու և օրինահարգ քաղաքացի դաստիարակելու գործում:

Ոստիկանության պետը անդրադարձավ նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջակայքում արտաքին ծառայության կազմակերպման խնդիրներին` նշելով դրա կարևորությունը հասարակական կարգի պահպանման և երիտասարդների կողմից հակահասարակական արարքների բացառման առումով:

Խոսելով ծառայողական և կատարողական կարգապահության հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին` Վալերիյ Օսիպյանը ղեկավարներից պահանջեց օպտիմալացնել ենթակաների աշխատանքը, ուժեղացնել վերահսկողությունը` մասնավորապես համայնքային ոստիկանության և արտաքին ծառայությունների ոլորտում, անհանդուրժող լինել կարգապահական ցանկացած խախտման հանդեպ` սկսած աշխատաժամանակի ոչ ռացիոնալ օգտագործումից մինչև ոստիկանության ծառայողի պահվածքն ու համազգեստի վիճակը:

Վերլուծելով օպերատիվ ծառայությունների գործունեությունը` ոստիկանության պետը կրկին ընդգծեց կանխարգելիչ և բացահայտման աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը բևեռելով հատկապես նախորդ տարիներին կատարված հանցագործությունները բացահայտելու կարևորության վրա:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև ոստիկանության զորքերի ստորաբաժանման` մարտական հերթապահության անցնելու իրողությանը, որը կարևորեց ինչպես երկրի սահմանների պաշտպանության, այնպես էլ ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացման և ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման համատեքստում:

Վալերիյ Օսիպյանը պահանջեց ամենօրյա աշխատանք տանել առաջիկա համապետական միջոցառումներին լիարժեք պատրաստվելու համար:

Ոստիկանության պետն ընդգծեց հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Երևանի 2800-ամյա հոբելյանի օրերին ոստիկանության ստորաբաժանումների պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում կրկին հիշեցրեց ոստիկանության առաջնահերթությունները` ունենալ առավելագույնս ճշգրտված ընտրացուցակներ, բացառել ընտրակաշառքի ցանկացած դրսևորում, պահպանել հասարակական կարգն ու քաղաքացիների իրավահավասարությունը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դրական գնահատեց համակարգի 100-օրյա աշխատանքի արդյունքներն ու շնորհակալություն հայտնեց կատարված ծառայության համար:

Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս