Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարությունը՝ Մերկելին

Կոռուպցիան, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը պետք է տեղ գտնեն կանցլեր Մերկելի ադրբեջանյան այցի օրակարգում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարություն

Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ակտիվիստների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար:

Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող աջակցությունն է: Նշվում է, որ ծրագրին €1.2 միլիարդ վարկ տրամադրող շնորհատուն Գերմանիան է:

«Ադրբեջանն ու Գերմանիան ակնհայտորեն հաջող գործարք կկնքեն շաբաթ օրը կանցլեր Մերկելի Ադրբեջան այցելության ընթացքում: Սակայն որպես ԵՄ ամենաազդեցիկ անդամ երկրի ղեկավար, կանցլեր Մերկելը պետք է ապահովի, որ իր գործողությունները խթանեն և ներկայացնեն եվրոպական արժեքներ և բերեն տևական արդյունքի քաղբանտարկյալների ազատման գործում, դյուրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման նկատմամբ սահմանափակումները»,- նշել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի իրավախորհրդատու Ադամ Ֆոլդեսը: Ադրբեջանում Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցչությունը զգալիորեն սահմանափակել է իր գործունեությունը արտասահմանյան ֆինասավորման պետական գրանցման հետ կապված խնդիրների պատճառով:

«Անցյալ ամիս Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը հետայսու հիմնվի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքներին աջակցության վրա: Գերմանիան այդ երկրի հետ իր հարաբերությունները պետք է նույն սկզբունքով կառուցի»,- շարունակել է Ֆոլդեսը:

Հուլիսին Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են, որ ԵՄ-ն «որոշակի դրույթներ կիրառի` օգնելու տնտեսական հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիայի, փողերի լվացման, և հարկերից խուսափելու դեմ Ադրբեջանի մղած պայքարին և սատարի փողերի լվացման սխեմաների դեմ հետաքննությունների իրականացմանը, մասնավորապես` «Լվացքատան» գործում:

«Ադրբեջանական լվացքատունը» վերաբերում է ազդեցիկ անձանց կաշառելու համար նախատեսված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամին, որը ենթադրաբար հովանավորվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Վերջինս օգտագործել է ֆիկտիվ ընկերությունները փողերի լվացման և եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար, որպեսզի լռեցնի մարդու իրավունքների վերաբերյալ անկախ զեկույցները, ֆինանսավորի ընտրությունների կեղծ դիտորդական առաքելություններին և մաքրի Ադրբեջանի համբավը:

Ադրբեջանի կառավարության հետ ցանկացած գործարք կնքելու նպատակով բանակցելիս`Գերմանիայի կառավարությունը պետք է պահանջի ազատություն քաղբանտարկյալներին, ազատ և բազմակարծություն դավանող լրատվական դաշտ, ակտիվիստների` պայքարի և որոշումների կայացմանը մասնակցելու տարածք և կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ միջոցներ:

Տեսանյութեր

Լրահոս