Գերմանիայի քաղաքական գործիչները դեմ են, որ Բեռլինը Թուրքիային ֆինանսապես օգնի
Գերմանիայի կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ դեմ են, որ պաշտոնական Բեռլինը ֆինանսական օգնություն տրամադրի Թուրքիային։ Ինչպես հայտնի է, թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով թուրքական լիրան արժեզրկվում է, որի հետևանքով Թուրքիայի տնտեսությունում նկատվում է ճգնաժամ։
Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրելու առաջարկն արել էր Գերմանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող SPD կուսակցության նախագահ Անդրեա Նահլեսը։ Վերջինիս առաջարկը, սակայն, մերժվել էր կանցլեր Անգելա Մերկելի կողմից։
Գերմանիայի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական» միության (CDU) նախագահ Վոլքեր Կաուդերն էլ անհրաժեշտ չի համարել Թուրքիային ֆինանսապես օգնելու մտադրությունը։ Դա որակել է, որպես «անհիմն» մտադրություն։
Նկատի ունենալով Թուրքիայում տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ Կաուդերն ասել է. «Թուրքիան նորից պետք է աշխարհի առջև ներկայանա որպես մի երկիր, որտեղ գոյություն ունի օրինականություն»։
Նշվում է, որ բացի Կաուդերից Թուրքիային օգնություն տրամադրելուն դեմ էին արտահայտվել ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում «Ձախերի» և «Կանաչների» կուսակցությունը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրելուն դեմ են եղել ոչ միայն խորհրդարանում, այլ նաև բնակչության շրջանում։
Ավելի վաղ «Civey» հետազոտական ընկերությունն անցկացրել էր սոցհարցում։ 2018թ․ օգոստոսի 20-21-ին անցկացված հարցումներին մասնակցել էր 5․051 մարդ։ Հարցվածների 71 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիային աջակցելու նախագծին, 22 տոկոսը հայտարարել է, որ համաձայն է Նահլեսի առաջարկի հետ, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Թուրքական աղբյուրը թուրք-գերմանական հարաբերությունների ապագայի համար կարևոր է համարում Սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարելիք այցը։ Հայտնի էր դարձել, որ Գերմանիայի արտգործնախարարը սեպտեմբերի սկզբին մեկնելու է Թուրքիա։