Դատավոր Իշխան Բարսեղյանի գործով առաջիկայում վերաքննիչ բողոք կներկայացվի
7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով առաջիկայում վերաքննիչ բողոք կներկայացվի: Այդ մասին «Փաստինֆո »-ն տեղեկացավ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իշխան Բարսեղյանը մեղադրվում էր կաշառք ստանալու մեջ և առաջին ատյանի դատարանի դատավճոռվ մեղավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատապարվելով 7 տարի ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում դատավոր Իշխան Բարսեղյանը հանդիպել է քաղաքացուն և վերջինիցս անձամբ ստացել 1000 ԱՄՆ դոլարը:
Իսկ հոկտեմբերի 28-ին` ժամը 01.45-ին, դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է՝ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, ապա կալանավորվեց: