«Առաջնային խնդիրը աղբի հոտն է, աղբն արդեն հասել է մայթեզր». նուբարաշենցիները հանդիպեցին Կամո Արեյանի հետ
Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունը մեղմելու համար աղբը կծածկեն հողով: Արդեն հաստատված ծրագրով հետագայում աղբավայրի հարակից տարածքում կստեղծվի նորը:
Այս մասին ասել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը աղբավայրը փակելու հորդորով քաղաքապետարան եկած Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը:
«Խնդիրները քննարկեցինք Կամո Արեյանի հետ: Նա նախապես արդեն ծանոթ էր խնդրին: Մեզ համար առաջնային խնդիրը աղբի հոտն է, աղբն արդեն հասել է մայթեզր: Կամո Արեյանը խոստացավ, որ հնարավոր բոլոր ռեսուրսները կօգտագործվեն, որպեսզի կարճ ժամկետում սկսվեն աշխատանքները, աղբը կտարվի աղբավայրի ավելի խոր հատվածներ և կծածկվի հողով»,- ասաց նուբարաշենցիներից մեկն ու հավելեց՝ փոխքաղաքապետը խոստացել է, որ առաջիկայում կգնա և իր աչքով կտեսնի, կկազմակերպի հանդիպում համապատասխան մարմինների հետ:
Բնակիչներն առաջարկել են փակել աղբավայրը: Կամո Արեյանը նշել է, որ կառավարության եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որ այդ վայրին հարակից ստեղծվի նոր աղբավայր: Տարեվերջին կլինի մրցույթ և կստեղծվի միջազգային ստանդարտներին համապատասխան աղբավայր: