Բողոքի ակցիա Մարալիկում
Արդեն երրորդ օրն է Մարալիկում՝ համայնքապետարանի դիմաց, մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպում՝պահանջելով Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը և արտահերթ ՏԻՄ ընտրություններ։ Համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող Մարալիկի բնակիչ, նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ իրենք պատրաստ են պայքարել ցանկացած եղանակով, նույնիսկ մինչև հացադուլը:
«Այսքան տարիների ընթացքում ընդհանրապես ոչ մի բան չի արվել: Մարալիկում ահավոր վիճակ է։ Միակ բանը, որ իր (համայնքապետի-խմբ.) մոտ ստացվում է, հարազատներին աշխատանքի ընդունելն է: Այն ժամանակ, որ միայն Մարալիկն էր ղեկավարում, էլի աշխատանք չէր կատարվում, իսկ հիմա՝ Մարալիկի հետ միավորված 17 համայնքի պարագայում, ընդհանրապես ոչինչ չի արվում: Ես 89 թվականից շարժման մեջ եմ, ՀՀՇ-ի վարչության անդամ, հիմա Կոնգրեսի վարչության անդամ եմ, 5 տարի մասնակցել եմ պատերազմի, հրամանատար եմ: Ես պայքարում եմ հանուն իմ երեխաների, իմ ժողովրդի»,- նշեց Հարություն Ոռուտյանը:
2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում է ձեւավորվել Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է։ Արտակ Գեւորգյանը 2007 եւ 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետի պաշտոնում, իսկ նախորդ տարի ընտրվել է խոշորացված Անի համայնքի ղեկավար։ Արտակ Գեւորգյանը ՀՀԿ անդամ է։
Արմենուհի Մխոյան