ԱՄՆ-ում McDonald՚s-ի աղցանից թունավորման ավելի քան 500 դեպք է գրանցվել
ԱՄՆ-ի տարբեր բնակավայրերում McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի աղցանից թունավորվել է ավելի քան 500 մարդ: Այդ մասին օգոստոսի 23-ին հայտնել է երկրի Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների վերահսկողության վարչությունը:
«2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ, ընդհանուր առմամբ ցիկլոսպորոզով վարակման լաբորատոր եղանակով հաստատված 507 դեպք է գրանցվել այն մարդկանց մոտ, որոնք օգտագործել են McDonald՚s ռեստորանների աղցանը: Վարակվելու մասին հայտնել են 15 նահանգներից եւ Նյու Յորք քաղաքից:
Հետաքննությունը շարունակվում է, ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների վերահսկողության վարչությունը ստուգում է ռոմենի ու գազարի սալաթի տեղափոխման եղանակների եւ դրա մատակարարի վերաբերյալ տեղեկատվությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հուլիսի կեսերին McDonald՚s-ը սալաթների վաճառքը մոտավորապես 3 հազար հաստատություններում դադարեցրել է այն բանից հետո, երբ 105 մարդ ցիկլոսպորոզով վարակվեց ցանցի՝ Իլինոյսի եւ Այովայի նահանգներում գործող ռեստորաններում:
McDonald՚s-ի ղեկավարությունը հայտարարել է, որ համագործակցում է իշխանությունների հետ, որոնք հետաքննում են թունավորման դեպքերը, եւ մտադիր է առաջիկայում փոխարինել աղցանների մատակարարին:
McDonald՚s-ը ամերիկյան կորպորացիա է, որն աշխարհում արագ սննդի ռեստորանների խոշորագույն ցանցերից մեկի սեփականատերն է: Այն 1940 թվականին հիմնադրվել է Սան-Բեռնարդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Ներկայում նրա կենտրոնակայանը գտնվում է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Ընկերությունը 37 հազարից ավելի ռեստորաններ ունի աշխարհի ավելի քան 100 երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: