Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Բունդեսթագի պատգամավորին մուտքի արտոնագիր չտրամադրելու Ադրբեջանի իշխանությունների քայլը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքի կապակցությամբ: Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Ադրբեջանի ԱԳՆ կողմից պատրաստվող՝ Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, որի միջոցով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը պարտադրել իր միակողմանի և խեղաթյուրված տեսակետը։ Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի նման գործողությունները և կարծում ենք, որ եթե դրանք հետագայում ևս պատշաճ գնահատականի չարժանանան միջազգային հանրության կողմից, ապա ժամանակի ընթացքում ավելի բարդ է լինելու Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ։ Հասունացել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերը զսպելու միջազգային մեխանիզմների մշակման ժամանակը։

Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հրավեր է ուղարկել Ալբերտ Վայլերին՝ կրկին այցելելու Արցախ իրեն հարմար ցանկացած ժամանակ` «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի հետ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։ Վստահ ենք, որ խորհրդարանականների և այլ պաշտոնյաների այցերն Արցախ, ի հեճուկս Բաքվի «սև ցուցակի», դառնալու են կարևոր ազդակ՝ առճակատումն ու մեկուսացումը որպես տարածաշրջանային խնդիրների լուծման միջոց օգտագործելու անթույլատրելիության մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031